Tuesday, January 31, 2012

Ինչպես գրել երգեր

Հայկական էստրադայի երգերի մեծ մասը գրվում է կոմբինատոր եղանակով: Այն է՝ վերցվում է իրար հետ լավ հանգավորվող, կամ գոնե բռնահանգ կազմող բաոերի խումբ (օրինակ՝ գիշեր - թշեր - փշեր - ղշեր - հուշեր - դոշեր, կամ ՝  արի, յարի, սարի, քարի, կարի, չարչարի), բառերը տեղադրվում են տողերի վերջում, իսկ տողերի սկզբնամասերը լրացվում են՝ ըստ անհրաժեշտության: Օրինակ՝

Հելնեմ սարին,
Նստեմ քարին,
Սպասեմ յարին,
Յար ջան արի,
Մի՛ չարչարի...

Կամ՝
 Տանջեն գը հուշերը.
Կուգա գիշերը,
Կարոտեմ գը թշերը
Մեկ էլ դոշերը
Վախ ցավցնեն գը սրտիս փշերը...


Եթե իմաստը վերջացավ, իսկ երգը՝ ոչ, ապա օգտագործվում է կրկնությունը.


Տանջեն գը հուշերը. կուգա գիշերը,
Տանջեն գը հուշերը. կուգա գիշերը,
 Կարոտեմ գը թշերը, մեկ էլ դոշերը...

Դա նորմալ բլյուզային մոտեցում է, հիշեք՝

I went down to the crossroad fell down on my knees
I went down to the crossroad fell down on my knees
Asked the lord above "Have mercy now save poor Bob if you please"

Եթե երգը դարձյալ ավարտվում է  ժամանակից շուտ, ապա օգտագործվում է կրկներգ:
Կրկներգը եւ իմաստը տարբեր բաներ են, ուստի եւ պետք չէ առաջինում ման գալ վերջինը: Օրինակ՝

Սոն-լե-լե-լե
Վույ-լե-լե-լե
Ջան-լե-լե-լե
Հալ-լու-լու-լու

Սա եւս միջազգային ստանդարտի կողմից թելադրվող տարր է: Հիշեք՝
Obladi-oblada

կամ

Ланфрен-ланфра

Սակայն նման «քառակուսի» երգերին դեռեւս պակասում է համն ու հոտը, որն, ի դեպ, ապահովվում է հեղինակային կարծրատիպի կողմից.

Օրինակներ՝

Ավետ Բարսեղյան.dot

Ելել եմ տխուր սարին,
Սպասում եմ թախծոտ յարին


Հայրենասիրական.dot

Ելել եմ մշո սարին,
Սպասում եմ սասնա յարին
Ջան Գուգուշ,
Ջան Գուգուշ,
Ջան Գուգուշ,
Վանա Գուգուշ


Այստեղ կարեւորը զանազան պատմական տեղանունների օգտագործումն է. հատկապես՝ վեց վիլայեթների անվանումների...

Միշո.dot

Հելա քուչի սարին
Նատուռի նստեցի նագլի քարին
Սպասեցի պալիտ էղած յարին...

Մնացած ամեն ինչ ստացվում է վերը նշված կանոնները տարբեր բառակույտերի նկատմամբ կիրառելու եղանակով: Հատկապես կեղծ «ժողովրդական» երգերը, որոնք ունեն գլամուռ անուններով ժամանակակից հեղինակներ...

Ի դեպ՝ ականջիս համար ավելի բնական է լսել «Ավո, Սպիտակցի Հայո...», քան Արման Էլբերտ, Սուպեր Սաքո եւ այլն... Ինչպես ասում էին Հայկոն ու Մկոն՝ Էռնեստո Փարպեցի...